ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Տարբեր ժամանակների տարբեր երկրների արքաների ստեղծագործությունները Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնում

Տարբեր ժամանակների տարբեր երկրների արքաների ստեղծագործությունները Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնում
03.11.2017 | 11:38

Նոյեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահում տեղի կունենա «Արքայական համերգ»` դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ: Համերգի ծրագիրը կազմված է տարբեր ժամանակների տարբեր երկրների արքաների ստեղծագործություններից` Տիբո 4-րդ Նավարացի, Մարգարիտ Նավարացի, Հենրիխ 8-րդ, Լեոպոլդ 1-ին կայսր, Ֆրիդրիխ Մեծ: «Ծրագրում տեղ են գտել նաև հատվածներ Բախի «Երաժշտական ընծա» շարքից, քանի որ այն ստեղծվել է Ֆրիդրիխ Մեծի մեղեդու հիման վրա: Բացի այդ, եթե նշված թագավորները ղեկավարել են այս կամ այն երկիրը, ապա Բախին կարելի է համարել երաժշտության արքայության թագավոր»,- ասում է Դանիել Երաժիշտը, նշելով, որ դա արտաքին շարժառիթ չէ, հնչելու է Բախի մի ստեղծագործություն, որ գրված է Ֆրիդրիխ Մեծ արքայի առաջարկած թեմայով: Ի դեմս այս երաժշտության` հանդիպել են երկու արքաներ։


Ծրագրում ընդգրկվել են նաև Ամենայն հայոց կաթողիկոսներ Կոմիտասի (7-րդ դար) և Ներսես Շնորհալու (12-րդ դար) շարականները: Մաեստրոն պարզաբանում է, որ դարեր շարունակ ենթարկվելով վայրի ցեղերի ասպատակություններին` Հայաստանը հաճախ կորցրել է պետականությունը, իսկ ժողովրդին միավորել, ղեկավարել է միայն եկեղեցին: Նրա ձևակերպմամբ` Կոմիտասը, Ներսես Շնորհալին իսկական հոգևոր տիեզերքի արքաներ են:
Համերգն ամփոփվում է 7-րդ դարի Մեծ Հայքի կառավարիչ Աշոտ Պատրիկ Բագրատունու «Զորս ըստ պատկերի Քում ստեղծէր» շարականով: Խաչվերաց տոնին նվիրված այս շարականը Բագրատունին ստեղծել է իր իսկ կառուցած Դարույնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման կապակցությամբ: Սա աշխարհական գործչի հորինած առաջին շարականն է, որը կանոնացրել է եկեղեցին:


«Արքայական համերգը» խորհուրդ ունի. «Եթե արքաները, ղեկավարները խորապես զբաղվեն արվեստով, գուցե աշխարհում ագրեսիան պակասի, չէ՞ որ մշակույթը զինաթափում է մարդուն ագրեսիայից»,- ասում է Դանիել Երաժիշտը և մեջբերում Ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա-ի խոսքերը. «Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը. եթե մարդկության առաջնորդները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»:


«Ի՞նչ շարունակություն կունենա ծրագիրը, հնարավո՞ր է` մարզերում էլ ներկայացվի» հարցերին ի պատասխան ասում է, որ չի պատկերացնում, դա երազանքի մակարդակով է, որ կարողանա հասցնել: «Չե՞ք հասցնում, թե՞ հնարավորությունների խնդիր է» հարցին հակադարձում է. «Հնարավորություններն էլ են հնարավորության սահմաններում»:
Համերգին մասնակցում են Թամար Մովսիսյանը (դաշնամուր) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) արտիստները։ Մեներգչուհիներն են Յանա Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը: Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Նվիրվում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Մուտքն ազատ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ